Հավելված՝ Արբիտրների Բարձրագույն
Դպրոցի Կառավարման Խորհրդի՝
28.11.2018 թ. թիվ 12/6 որոշման
Խորհրդի նախագահ՝ Արթուր Դավթյան
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի Ունկնդիրների Վարքագծի և Ներքին Կարգապահական Կանոններ
I. Ընդհանուր դրույթներ
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի (այսուհետև՝ Դպրոց) ունկնդիրների վարքագծի և ներքին
կարգապահական կանոնները (այսուհետև՝ Կարգ), սահմանում են Արբիտրների Բարձրագույն
Դպրոցում ունկնդիրների հիմնական իրավունքները, պարտականությունները, ունկնդիրներին
խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ներառյալ՝ Դպրոցից
հեռացնելու կարգը, խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցները, ինչպես նաև
ունկնդիրների հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
Ունկնդիրների վարքագծի և ներքին կարգապահական կանոնները բարոյականության
համընդհանուր արժեքների, սկզբունքների վրա հիմնված նորմեր են, որոնք Դպրոցի
ունկնդիրները պարտավոր են պահպանել և անշեղորեն կատարել ուսուցման ընթացքում:
Կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Դպրոցի Տնօրենը,
աշխատակազմի անդամները, դասախոսները և Դպրոցի կառավարման խորհուրդը (այսուհետև՝
Խորհուրդ)՝ իրենց լիազորությունների սահմաններում: Սույն կետում նշված անձինք, Կարգի
պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, իրավասու են միջոցներ
ձեռնարկել՝ կանխելու Կարգի որևէ կետի խախտումը:
Կարգին վերաբերող ծանուցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ ունկնդրի
էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում տեղադրելու միջոցով, ընդ որում՝
ծանուցումները կհամարվեն պատշաճ ուղարկված ունկնդրին՝ վերջինիս էլեկտրոնային հասցեին
Դպրոցի կողմից ուղարկելու կամ Դպրոցի կայքէջում տեղադրելու պահից:
Կարգի իմաստով ունկնդրի էլեկտրոնային հասցե է համարվում Արբիտրների Բարձրագույն
Դպրոցի և ունկնդրի միջև կնքված ուսումնառության պայմանագրում ունկնդրի նշած և/կամ
Դպրոցի կողմից ունկնդրին տրված էլեկտրոնային հասցեն:
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի կայքէջի (www.arbitrs.am ) միջոցով ծանուցումներն
իրականացվում են ունկնդրի անհատական տիրույթում տեղադրելու եղանակով:
II. Արբիտրների բարձրագույն դպրոցի ունկնդիրների իրավունքները և պարտականությունները
Արբիտրների Բարձրագույն Դպրոցի ունկնդիրն իրավունք ունի՝
օգտվել Դպրոցի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից,
ուսումնական, գիտական, բուժական, մարզական և այլ ստորաբաժանումների ծառայություններից՝
դրանց առկայության դեպքում,
սահմանված պահանջներին համապատասխան՝ մասնակցել Դպրոցում անցկացվող
գիտահետազոտական աշխատանքներին, սեմինքրներին և գիտաժողովներին,
ստանալ ուսումնական գործընթացին վերաբերող լիարժեք տեղեկատվություն,
միավորվել խորհուրդներում, գիտական ընկերություններում և այլ
կազմակերպություններում,
բողոքարկել Դպրոցի՝ իրեն վերաբերող անհատական և ներքին իրավական ակտերը՝
ՀՀ օրենսդրությամբ և Դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում,
ծանոթանալ Դպրոցի՝իրեն վերաբերող անհատական և ներքին իրավական ակտերին:
Դպրոցում ուսուցում անցնող ունկնդիրն ունի նաև “Առևտրային Արբիտրաժի մասին” ՀՀ
օրենքով, “Հասարակական Կազմակորպությունների մասին” ՀՀ օրենքով և Դպրոցի
կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
Դպրոցի ունկնդիրը պարտավոր է՝
կատարել դասախոսների՝ իրենց իրավասության սահմաններում տված
հանձնարարությունները,
առանց դասախոսի թույլտվության դուրս չգալ լսարանից,
լքել լսարանը, եթե դասախոսը դուրս է հրավիրում ունկնդրին՝ հաշվի առնելով այն
հանգամանքը, որ տվյալ ունկնդիրը դասի ընթացքում անթույլատրելի վարք է դրսևորում կամ
որևէ կերպ խոչընդոտում է դասի բնականոն ընթացքը,
պահպանել էթիկայի կանոնները,
չհրապարակել ուսումնառության ընթացքում ձեռք բերած ցանկացած մասնագիտական նյութ,
այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք,
չդրսևորել այնպիսի վարքագիծ, որն ուղղված է Դպրոցի (այդ թվում՝ նաև ոչ ուսումնական)
կամ աշխատակիցների բնականոն գործունեությանը խոչընդոտելուն, խաթարելուն կամ ավելորդ
անհարմարություններ պատճառելուն կամ Դպրոցում գտնվող անձանց վիրավորելուն կամ
վնասելուն,
հաճախել պատշաճ հագուստով (տեսքով), ընդ որում՝ պատշաճ հագուստի (տեսքի)
նկարագրությունը սահմանվում է Դպրոցի Տնօրենի կողմից,
չտարածել սուտ կամ վարկաբեկող տեղեկություններ այլ ունկնդրի կամ դպրոցի վերաբերյալ,
պատշաճ կատարել դասախոսի, պրակտիկան ղեկավարող անձանց կողմից հանձնարարած
բոլոր ուսումնական առաջադրանքները, այդ թվում և՛ բանավոր, և՛ գրավոր (վճիռ գրել)՝
գրագողություն չկատարելով,
դասի ժամանակ չօգտագործել անձնական և/կամ այլ ունկնդրին պատկանող համակարգիչ,
հեռախոս և/կամ տեխնիկական այլ միջոց՝ ոչ ուսումնական նպատակներով,
պահպանել մաքրություն, չաղմկել Դպրոցի տարածքում,
բարձր պահել Դպրոցի հեղինակությունը,
ամբողջ ծավալով հատուցել Դպրոցին պատճառված վնասը,
կատարել Դպրոցի Տնօրենի և իրենց լիազորությունների շրջանակում այլ պաշտոնատար
անձանց օրինական հրամանները, հարգադրություններն ու որոշումները,
պահպանել Դպրոցի կանոնադրության, Կարգի և ներքին իրավական այլ ակտերի
պահանջները:
Կարգով ունկնդիրնկերին կարող են ներկայացվել նաև այլ պարտականություններ:
III. Ուսումնական հաջողությունների խրախուսումը
Ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու,
ինչպես նաև այլ դեպքում ունկնդիրների համար սահմանվում են հետևյալ խրախուսանքները՝
շնորհակալության հայտարարում,
միանվագ դրամական պարգևատրում,
պատվոգրի հանձնում,
հուշանվերով պարգևատրում,
կարգապահական տույժի հանում :
Խրախուսանքը հայտարարվում է Դպրոցի Տնօրենի հրամանով:
IV. Պատասխանատվություն
Դպրոցի ունկնդրին կարգապահական պատասխանատվության ենթարկելը իրականացվում է երեք
փուլերով.
կարգապահական վարույթի հարուցում,
վարույթի իրականացում (պարզվում են այն հանգամանքները, որոնք առիթ կամ հիմք են
ծառայել կարգապահական վարույթ հարուցելու համար). այս փուլում ունկնդրից պահանջվում
են գրավոր փաստաթղթեր, բացատրություններ,
կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի որոշում (կարգապահական
վարույէի ավարտ). այս փուլում լուծվում է ունկնդրի նկատմամբ կարգապահական տույժի միջոց
կիրառելու կամ չկիրառելու հարցը:
Ունկնդրից կարող է պահանջվել գրավոր բացատրություն նախքան կարգապահական վարույթ
հարուցելը:
Այն ունկնդիրները, ովքեր կխախտեն Դպրոցի կանոնադրության, Կարգի կամ Դպրոցի ներքին այլ
իրավական ակտերի պահանջները, Դպրոցի Տնօրենը կամ նրա կողմից լիազորված անձի
հրամանով կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, իսկ Խորհրդի
որոշմամբ՝ հեռացվել Դպրոցից:
Ունկնդրի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
դիմումները (բողոքները),
Դպրոցի Տնօրենի կողմից անմիջականորեն խախտում հայտնաբերելը,
Դպրոցի աշխատակազմի որևէ անդամի և/կամ դասախոսի, պրակտիկան ղեկավարող անձի
կողմից զեկուցագիր ներկայացնելը:
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է ունկնդրի արարքի մեջ Դպրոցի
կանոնադրությամբ, Կարգով, ինչպես նաև Դպրոցի ներքին իրավական այլ ակտերով
նախատեսված պահանջնորի խախտման հատկանիշների առկայությունը:
Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ ունկնդրի արարքի մեջ առկա
չէ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, ապա վարույթը
կարճվում է իրավախախտման բացակայության հիմքով:
Ունկնդրի նկատմամբ կիրառելի են հետևյալ կարգապահական տույժերը՝
նկատողություն,
խիստ նկատողություն,
հեռացում Դպրոցից:
Մինչև կարգապահական տույժի կիրառումը ունկնդրից պետք է պահանջել գրավոր
բացատրություն: Գրավոր բացատրություն ներկայացնելն ունկնդրի իրավունքն է: Գրավոր
բացատրություն ներկայացնելու դեպքում ունկնդիրը պարտավոր է այդ բացատրությունը
հանձնել Դպրոցին ծանուցման մեջ նշված ժամկետում:
Կարգապահական տույժը կարող է կիրառվել արարքի բացահայտումից ոչ ուշ, քան մեկ ամսվա և
կատարումից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում՝ չհաշված ունկնդրի հիվանդության կամ
արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածը:
Կախված արարքի բնույթից՝ Կարգի որևէ դրույթ խախտելու դեպքում Դպրոցի Տնօրենի կողմից
տվյալ ունկնդրին հայտարարվում է նկատողություն կամ խիստ նկատողություն, կամ Դպրոցի
Տնօրենի կողմից տվյալ ունկնդրի հեռացման հարցը ներկայացվում է Խորհրդի քննարկմանը:
Դպրոցի Տնօրենի կողմից ունկնդրի հեռացման հարցը ներկայացվում է Խորհրդի քննարկմանը
հետևյալ դեպքերում (կոպիտ խախտումներ)՝
ունկնդրի կողմից տեսական ուսուցման փուլի անհատական բեռնվածության 20 (քսան)
տոկոսի չափով անհարգելի բացակայության դեպքում,
քննությունից առաջ կամ ընթացքում քննական առաջադրանքները կատարելուն ուղղված որևէ
նյութ (քննական առաջադրանք, լուծման տարբերակ և այլն), անկախ նյութի
արդյունավետությունից, մեկ այլ ունկնդրի փոխանցելու կամ հրապարակելու կամ որևէ կերպ
քննությունը հանձնող ունկնդրին հասանելի դարձնելու դեպքում,
ակադեմիական արդարությունն ու հավասարությունը խաթարող ոչ իրավաչափ
գործողություններ կատարելու դեպքում, եթե դա ազդել է կամ կարող էր ազդել քննության
արդյունքի վրա:
V. Ուսումնական մասնաշենքի շահագործման կարգը
Ուսումնական պարապմունքների բնականոն ընթացքը չխաթարելու համար պարապմունքների
սկսվելուց հետո բոլոր ուսումնական և նրանց հարակից տարածքներում պետք է պահպանվի
լռություն և կարգապահություն:
Դպրոցի տարածքում արգելվում է՝
ծխելը (բացառությամբ դրա համար առանձնացված հատուկ տարածքների),
սնվել դրա համար չնախատեսված վայրում,
ալկոհոլ օգտագործելը, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվելը,
լսարանում տեղադրված տեսանկարահանող և/կամ տեսաձայնագրող և/կամ խլացուցիչ
սարքերին դիպչելը և վնասելը :
VI. Եզրափակիչ դրույթներ
Կարգն ուժի մեջ է մտնում 29.11.2018 թվականից :
Կարգում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի կողմից :
Կարգի հետ կապված մեկնաբանությունները (պարզաբանումները) տրվում են Խորհրդի կողմից՝
վերջինիս նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի դիմումի (բողոքի) հիման վրա :