• Փիրումյանների փ., 9, Արդարադատության Ակադեմիա
/ Իրավական ակտեր

ՀՀ փաստաբանական դպրոց ք․Երևան, Զաքիյան 7-2, 3-րդ հարկ Հեռ. (+37498) 655601 (+37496) 200625 (+37455) 320052 ՀՀ արբիտրների բարձրագույն դպրոց ք.Երևան, Վարդանանց փող․,շ․6, բն․10 Հեռ. (+37410) 52 58 42

Փոխըմբռնման Հուշագիր
ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցի և
ՀՀ Փաստաբանական Դպրոցի Միջև Համագործակցության Մասին

Ք. Երևան «29» սեպտեմբեր 2017թ.

ՀՀ Արբիտրների Բարձրագույն Դպրոցը (այսուհետ նաև՝ Արբիտրների դպրոց), ի դեմս Արբիտրների դպրոցի տնօրեն Արթուր Դավթյանի, մի կողմից և ՀՀ փաստաբանական դպրոցը (այսուհետ՝ նաև Փաստաբանական դպրոց)՝ ի դեմս Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, մյուս կողմից (այսուհետ միասին՝ Կողմեր), կնքեցին սույն փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր): Հաշվի առնելով այն, որ Կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ և ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, նպատակ ունենալով կատարելագործել Արբիտրների դպրոցի և Փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ընթացակարգերը՝ համատեղ դասընթացների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման միջոցով՝ Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

I. Հուշագրի նպատակները
  1. Հուշագրի նպատակներն են՝
    • հաստատել ակտիվ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման Կողմերի պատրաստակամությունը.
    • նպաստել արբիտրաժային ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացմանը՝ լավագույն միջազգային փորձին համապատասխան.
    • նպաստել արբիտրաժային ոլորտի մասնակիցների միջև կառուցողական և շարունակական համագործակցությանը:
II. Համագործակցության առարկան
  1. Կողմերը համաձայնվում են՝
    • կազմակերպել համատեղ դասընթացներ, գիտական միջոցառումներ (համատեղ քննարկումներ (կլոր սեղաններ), գիտաժողովներ, սեմինարներ և այլն),
    • միմյանց օժանդակել մասնագիտական նյութերի, գրականության, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում,
    • կողմերի համատեղ դասընթացների անցկացումը ապահովել համատեղ մշակված ուսումնական ծրագրով,
    • համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել գիտական հետազոտություններ,
    • անհրաժեշտության դեպքում իրականացնել կադրերի փոխանակում՝ դասավանդման, հետազոտական աշխատանքների նպատակներով,
    • իրականացնել Արբիտրների դպրոցի և Փաստաբանական դպրոցի միջև համաձայնեցված այլ միջոցառումներ:
  2. Հուշագրով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման նպատակով Կողմերը կարող են ստեղծել հասարակական հիմունքներով գործող հանձնախումբ:
III. Եզրափակիչ դրույթներ
  1. Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
  2. Հուշագրում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարել: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ստորագրման պահից և կկազմեն Հուշագրի անբաժանելի մասը:
  3. Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը պարտավոր է մյուս կողմից այդ մասին գրավոր տեղեկացնել առնվազն երկու ամիս առաջ: Այդ դեպքում Կողմերը պարտավորվում են ավարտին հասցնել մինչև հուշագրի դադարեցումը չավարտված ծրագրերը:
  4. Հուշագրի կատարմանն առնչվող հաղորդակցությունը կատարվում է Հուշագրում նշված Կողմերի տվյալների հիման վրա:
  5. Հուշագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

Փաստաբանական դպրոցի տնօրեն՝ Սիմոն Բաբայան Արբիտրների դպրոցի տնօրեն՝ Արթուր Դավթյան